Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանի ԱԳ նախարարը հրաժարական տվեց …Ինստագրամում

Իրանի ԱԳ նախարարը հրաժարական տվեց …Ինստագրամում
27.02.2019 | 11:09

Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը Ինստագրամում անսպասելի հայտարարեց, որ հրաժարական է տալիս. «Շնորհակալություն եմ հայտնում Իրանի սիրելի ու հարգարժան ժողովրդին վերջին 67 ամիսների համար։ Անկեղծորեն ներողություն եմ խնդրում, որ չեմ կարող շարունակել ծառայությունս, նաև ծառայությանս ընթացքում բոլոր բացթողումների համար: Շնորհակալություն եմ հայտնում Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»:

Զարիֆի հրաժարականը հաստատեց պետական IRNA գործակալությունը` հղում անելով ԱԳՆ մամլո քարտուղար Սեյեդ Աբաս Մուսավիին: Հրաժարականի պատճառներն հայտնի չեն: Մուհամադ Ջավադ Զարիֆը ԻԻՀ ԱԳ նախարարն է 2013-ի օգոստոսի 15-ից: Նա հարուստ ու կրոնապաշտ ընտանիքի միակ զավակ է, 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ ու ուսանել Սան Ֆրանցիսկոյի Դրյուի մասնավոր քոլեջում, ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանն ու ստացել հումանիտար գիտությունների բակալավրի, 1982-ին` միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան: 1984-ին ավարտել է Դենվերի համալսարանն ու ստացել միջազգային հարաբերությունների մագիստրոսի երկրորդ աստիճանը, 1988-ին` միջազգային իրավունքի ու քաղաքականության ոլորտում` դոկտորի աստիճան: Հեղինակն է «Ինքնապաշտպանությունը միջազգային իրավունքի ու քաղաքականության մեջ» գրքի, որ հրապարակվել է 1988-ին: 1989-ին նա արդեն ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Ակբար Վելայեթիի առաջին օգնականն էր: 1989 -1992-ին` ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալը, 1992- 2002-ին` ԱԳ նախարարի տեղակալ` միջազգային հարաբերությունների ու իրավունքի գծով: 1993-ին գլխավորել է Իրանի պատվիրակությունը Իրաքի հետ վիճահարույց հարցերում, որ մնացել էին 1980-1988-ի պատերազմից հետո, միաժամանակ Թեհրանի համալսարանում միջազգային իրավունք է դասավանդել: 2000-ին եղել է ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի նախագահ: 2002-2007-ը ԻԻՀ մշտական ներկայացուցիչն էր ՄԱԿ-ում: 2003—2005-ը եղել է Հասան Ռուհանիի գլխավորած պատվիրակության անդամ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում: 2007- 2010-ին ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքիի ավագ խորհրդականն էր: 2010-2012-ը` իսլամական Ազատ համալսարանի միջազգային հարցերով փոխնախագահը, 2013-ից` Իրանի ԱԳ նախարարը:
Փաստացի` Մուհամադ Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ում կրթված ու միջազգային կառույցներում բազմամյա աշխատանքի փորձ ունեցող դիվանագետ է, ում ծառայություններից հենց այնպես հրաժարվելը մեծ շքեղություն է ցանկացած երկրի համար: Երեկ ամբողջ օրը լուրեր չկային, որ ԻԻՀ նախագահը և Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Համենեին ընդունել են ԱԳ նախարարի հրաժարականը:


Մուհամադ Ջավադ Զարիֆը Իրանի միջուկային համաձայնագրի (JCPOA) ճարտարապետներից ու պաշտպաններից մեկն էր և նրա հրաժարականը թուլացնում է նախագահի դիրքերը:
Զարիֆը ներկայացնում էր Իրանը Մյունխենի անվտանգության հարցերով միջազգային համաժողովում և դատելով հանդիպումների ու հարցազրույցների բովանդակությունից` հրաժարականի մտադրություն չուներ: Եվ նախագահ Հասան Ռուհանին, և ԱԳ նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը երկրի ներսում JCPOA-ի հակառակորդների ծանր ճնշման տակ էին` Իրանի պահպանողականների թևի, որ երբեք չի ընդունել ու չի վստահել բարեփոխիչների` Արևմուտքի հետ կնքված պայմանագրին:


Դեռ կիրակի օրը ԱԳ նախարարը` քննադատելով իրանցի ծանրորդներին` ասում էր, որ «Անկախությունը չի նշանակում աշխարհից մեկուսացում»: Զարիֆի հրաժարականին առաջինն արձագանքել է Իսրայելի վարչապետը` Բենյամին Նետանյահուն իր Թվիթերում գրել է. «Զարիֆը գնաց, լավ պրծանք: Քանի դեռ ես այստեղ եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա»: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականությունը անփոփոխ է մնում՝ չնայած Զարիֆի հրաժարականին: «Մենք ի գիտություն ենք ընդունել Զարիֆի հրաժարականը: Տեսնենք՝ դա ինչ հետևանքներ կունենա: Ամեն դեպքում՝ նա և Հասան Ռուհանին ընդամենը կոռումպացված կրոնական մաֆիայի դրածոներն են: Մենք գիտենք, որ բոլոր վերջնական որոշումները Խոմեյնին է կայացնում: Մեր քաղաքականությունը անփոփոխ է՝ ռեժիմը պետք է իրեն նորմալ երկրի պես պահի և հարգի իր ժողովրդին», - Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Պոմպեոն:
Իսրայելի «Հաարեցը» հայտնում է, որ երկուշաբթի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 2011-ից հետո առաջին անգամ եղել է Իրանում, հանդիպել գերագույն հոգևոր առաջնորդի, նախագահի, բարձրաստիճան պաշտոնյաների հետ` քննարկելու ԱՄՆ զորքերի դուրս բերումն ու Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի ջանքերը: Կապ ունի՞ Ասադի այցը Զարիֆի հրաժարականի հետ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ռուսական լրատվամիջոցները դեռ մի քանի ամիս առաջ էին գրում ԻԻՀ ԱԳ նախարարի հրաժարականի մասին` համարելով նախագահի մարտավարական քայլ` իր իշխանությունը պահպանելու համար: Որքանո՞վ է հավանական, որ Ռուհանին կզոհաբերեր իր մերձավորագույն դաշնակցին և կթուլացներ իր իսկ դիրքերը, հայտնի չէ: Բոլոր դեպքերում Զարիֆի հրաժարականը, եթե ընդունվի, Իրանի քաղաքական վերնախավում լուրջ տեղաշարժերի վկայություն է: Հայի բախտ` Զարիֆը կարող էր մի քանի օրով հետաձգել հրաժարականը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թեհրան պաշտոնական այցի նախօրեին ԻԻՀ ԱԳ նախարարի հրաժարականը չի կարող չփոխել բանակցությունների օրակարգն ու բովանդակությունը: Փաստորեն այցը ծրագրվել է մի իրավիճակում, կայանում է այլ իրավիճակում, երբ չի բացառվում, որ ուժեղանան պահպանողականների դիրքերը: Ամեն ինչ կախված է նրանից` կընդունի՞ Հասան Ռուհանին ԱԳ նախարարի հրաժարականը, և եթե այո` ու՞մ կնշանակի ԱԳ նախարար:

Դիտվել է՝ 2270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ